National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.05.2021
Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն
1 / 5

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 5-ի արտահերթ նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց նախագծի լրամշակված տարբերակը: Առաջարկվող փոփոխությամբ կարգավորվելու են օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած եւ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով նախատեսված հանցանքը կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:

Համաներումը չի կիրառվելու մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ` բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան:

Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ վիճակագրական տվյալներ: Համաձայն մայիսի 4-ի օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տվյալների` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով հետախուզվում է 5433 անձ, որոնց 27 տարին լրացել է 2021-ի մայիսի 4-ի դրությամբ: Նրանցից 5122 անձանց 27 տարին լրացել է 2020-ի սեպտեմբերի 26-ի դրությամբ: Դատապարտվել է 262 անձ, որից 5-ը ներկայում պատժի կրումից ազատված չէ: ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի երրորդ մասով դատապարտված եւ հետախուզված անձինք հաշվառումներում առկա չեն, երրորդ մասով 140 քրեական գործ գտնվում է նախաքննության փուլում:

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ արտերկրում գտնվող բազմաթիվ քաղաքացիներից ստացել են նամակներ, որոնք ողջունում են օրենսդրական նախաձեռնությունը:

Հարակից զեկուցող Անդրանիկ Քոչարյանը կարեւորեց հետպատերազմյան Հայաստանում` դրական ուղերձ հաղորդելու եւ ազգային համախմբման գործընթաց սկսելու որոշումը:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am